Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է
1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։
Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում,
իսկ 1896 թվականից ուսւոմը շարունակում է Պոլսում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում,
ապա Քաղկեդոնի վարժարանում։
Պոլիսը նրա վրա ծանր տպավորություն է թողնում, նա
տեսնում է Սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև
բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝
շղթաների մեջ։ Հետագայում Վարուժանը այդ մասին գրում է <<Հորս բանտին մեջ>>
ոտանավորում։ 1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ Ռաֆաելյան դպրոցը։
Նա առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, Հայ հին և նոր գրականությունը։
Վենետիկում նա գրում է իր առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի, և
1896 թվականի ջարդերի թեմաներով։ 1905թ․ բանաստեղծը մեկնում է Բելգիա
և ընդունվում Գենտի համալսարանը, նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ,
ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։
Բանաստեղծը 1909 թ․ վերադառնում է
ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան Վարժարանում, ապա
1911ին տեղափոխվում է Եվդոկիայի ազգային ճեմարան։ 1912ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի
Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով։ Նա դառնում է Պոլսի, գրական շրջաններում , ազդեցիկ
դեմք և լայն ճանաչման արժանանում։
10 տարվա ընթացքում բանաստեղծը գրում է 4 գիրք՝
<<Սարսուռներ>>, <<Ցեղին Սիրտը>>, <<Հեթանոս Երգեր>>,
<<Հացին երգը>>։ Գրում է նաև նոթեր ,հոդվածներ, կատարում է թարգմանություններ։
1915թ․Ողբերգական օրերի զոհերից
մեկը եղավ Դանիել Վարուժանը, թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին Չանղըրի քաղաքի
մոտ սպանեցին 31-ամյա բանաստեղծին։ Այդ ժամանակ Վարուժանը պատրաստում էր <<Հայկական
հոմերագիրք>> ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին Հայկական առասպելների ու
ավանդույթների մշակումները, և երազում էր ամբողջովին մշակել <<Սասնա ծռեր>>
ժողվրդական Էպոսը։