Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861թ. Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում: Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան, հետո՝ Օրթագյուղի Թարգմանչաց վարժարաններում։ 1876-80թթ. սովորել է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն
կրթական հաստատության՝ Կալաթասարայի ֆրանսիական նախ երկրաչափական, հետո՝ իրավագիտության
բաժիններում: 1880-ին աշխատանքի է անցել խորթ հոր՝ փաստաբան Ավետիս Յորտումյանի
իրավաբանական գրասենյակում: 1882-ից իր գիտելիքները
կատարելագործել է նորաբաց <Հուգուգ> վարժարանում, իսկ 1884-ին Էդիրնե Քաղաքում գերազանց
քննություն հանձնելով՝ ստացել փաստաբանի վկայական: Միաժամանակ իրավագիտություն է դասավանդել
Պոլսի համալսարանում:
Գրել սկսել է 17 տարեկանից՝
աշխատակցելով Պոլսի մի շարք Հայկական պարբերականների: Հեղինակել է արձակ և չափածո բանաստեղծություններ,
վեպեր, ակնարկներ, հոդվածներ, ուսումնասիրություններ, գրական դիմանկարներ և այլն, սակայն
Զոհրապի տարերքը հակիրճ ու տպավորիչ սյուժեով կարճ պատումն է՝ Նորավեպը, որտեղ նա պարզապես
մրցակից չունի և իրավամբ դասվում է ԵՎրոպական առաջնակարգ նովելագիրների շարքը: Ինքը
իր մասին ասում էր, որ գրականության ասպարեզում ինքն ընդամենը սիրողական էր և ոչ պռոֆեսիոնալ:
Զոհրապը կուտակել էր հսկայական կենսափորձ, ինչը և լավագույնս
արտացոլում էր իր ստեղծագործություններում: Նա կատարելապես ճանաչում էր կյանքը՝ իր
բոլոր շերտերով և ենթաշերտերով, և նրա նովելաշարերից մեկի հանրահայտ խորագիրը՝ <Կյանքը ինչպես որ է>, կարող է որպես դիպուկ
վերնագիր հանդիսանալ նրա նորավեպերից ցանկացածի համար:
Մեծ ազգասեր ու մարդասեր Զոհրապը իր անդրանիկ վեպը կոչել է <Անհետացած սերունդ մը
> (1886) ինչ իմանար այդ լավատես 25 ամյա երիտասարդը, որ երեք տասնամյակ անց դառնալու
է իր սերնդի անհետացման տարաբախտ վկան: Բոլոր իր սերնդակից երևելիների նման 1915 թվականը Զոհրապի համար դարձավ իր վախճանի տարեթիվը,
որը սև տառերով գրվեց հայության և համայն մարդկության պատմության մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий